Ոստիկանն անցել է իր պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Աբովյան քաղաքի բնակիչ Լ. Կ.-ի հաղորդման հիման վրա:
Այսպես, Լ. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 07.04.2017թ.-ին Երևան քաղաքում ականատես է եղել զենքով խուլիգանության կատարման դեպքի, որի կապակցությամբ իր ընկերուհին ահազանգել է ոստիկանություն: Նույն օրը Լ. Կ.-ն ու իր ընկերուհին, ոստիկանության Արաբկիրի բաժնում նկարագրելով դեպքի մանրամասները, հայտնել են խուլիգանություն կատարած անձանցից մեկի մոտ ատրճանակ տեսնելու մասին, սակայն հիշյալ բաժնի ոստիկանը Լ. Կ.-ից պահանջել է այդ մասին որևէ բացատրություն չտալ` սպառնալով, որ ատրճանակը չհայտնաբերելու դեպքում նա է դատապարտվելու: Հաղորդման համաձայն` չբավարարվելով դրանով, հիշյալ ոստիկանը Լ. Կ.-ի տվյալները հայտնել է խուլիգանության դեպքին մասնակից անձանց ընկերներին, ովքեր հանդիպել են վերջինիս, սպառնալիքներ տվել, պահանջել ցուցմունք չտալ և հեռանալ երկրից:
Ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: