
«Առաջիկա շաբաթներին կընդունվի օրինագիծ, որը Ռուսաստանին կպատժի մեր ընտրություններին միջամտելու համար». Լինդսի Գրեմ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը մոտ ժամանակներս կարող է ընդունել օրինագիծ, որն օրենսդրական կարգով կխստացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
«Առաջիկա շաբաթներին կընդունվի օրինագիծ, որը Ռուսաստանին կպատժի մեր ընտրություններին միջամտելու համար»,- ասել է սենատորը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաեւ Ռուսաստանին մեղադրել է «Թալիբան» շարժմանը զենքի մատակարարումների մեջ՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար», «Ասադի հետ նախահամաձայնության մեջ», ինչը նրան թույլ է տալիս «պահպանել քիմիական զենքը»:
Օրինագծին հավանություն տալուց հրաժարվելը, սենատորի խոսքով՝ կնշանակի «դավաճանություն ժողովրդավարությանը»:
Ամերիկյան Politico հրատարակությունը կարծում է, որ, չնայած առկա տարաձայնություններին, ընդհանուր առմամբ, հակառուսական պատժամիջոցների նկատմամբ դեմոկրատների եւ հանրապետականների դիրքորոշումները մոտենում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: