Բաժիններ՝

«Ով ինձ գիտե, տանըմ ա, վախ չափել ա տալի, աղոթել ա տալի, ես մասաժ էլ եմ անում»

Asparez.am-ը գրում է. Գյումրու կենտրոնական հրապարակում տիկին Շուշիկը մարդկանց է փնտրում, աջ ու ձախ է քայլում, հայացքն հառում մարդաշատ վայրեր: Մերթ դանդաղ, մերթ արագ քայլերով հասնում հրապարակի ծայրը, ապա վայրկյաններ անց վերադառնում, շրջում ու շարունակում փնտրել, անվերջ փնտրել: Փորձելով պաշտպանվել արեւի կիզիչ ճառագայթներից՝ տիկին Շուշիկը հանկարծ շտապում է զով մի անկյուն, այնուհետ նորից մարդաշատ վայրեր ու մարդկանց է փնտրում: Ու այսպես 15-20 րոպե շարունակ:

Փնտրած մարդկանց չի գտնում, մի քանի րոպե անց, մտքերով տարված, հասնում է նորից կենտրոնական հրապարակ, երկար-երկար նայում քաղաքապետարանի շենքի պատուհաններին ու մուտքի դռանը…սակայն նրան ոչ ոք չի մոտենում:

Արդեն 17 տարի է՝ Շուշան Խաչատրյանը՝ մտերիմների համար՝ Շուշիկը, Շիրակի մարզի Իսահակյան գյուղից ամեն օր առավոտյան գալիս է Գյումրի, հացի, եւ ինչպես ինքն է ասում՝ մի գդալ սուրճի գումար վաստակելու: 17 տարվա ընթացքում հասցրել է ձեռք բերել մշտական հաճախորդներ, ովքեր օգտվում են իր «գործից»: Տիկին Շուշիկին Գյումրիում գիտեն որպես գուշակ: Վախ է չափում, աղոթքով բուժում, սուրճի մրուրով բախտ է գուշակում, էրետիկներ գրում:

Տիկին Շուշիկը ծնվել է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում, հարս է եկել Շիրակի մարզի Իսահակյան գյուղ, ապրում է ամուսնու եւ մեկ դստեր հետ, մյուս դուստրն ու միակ որդին ամուսնացած են, ապրում են առանձին:

Անկեղծանում է՝ գուշակությունը սովորել է սկեսրայրից՝ Հակոբից: 1975-ին՝ սկեսրայրի մահից հետո, տիկին Շուշիկը սկսում է ուսումնասիրել գուշակության գաղտնիքները, որոշ ժամանակ անց ձեռք բերած փորձը եւ գիտելիքները սկսում է կիրառել Իսահակյան գյուղում, ապա՝ Գյումրիում:

«Ով ինձ գիտե, տանըմ ա, վախ չափել ա տալի, աղոթել ա տալի, ես մասաժ էլ եմ անում: Ընձի վարձատրող չկա, ով փող ունի՝ մե 200 դրամ տալիս ա, ով էլ որ չունի, ասում է՝ վայ, կներես, ես էլ ասում եմ՝ գնացեք: Ինչ անեմ՝ քանդված երկիր ա, սովետի երկիր չէ, որ գործարան աշխատի: Հմի ամեն մարդ մե բանըմ կծախե, մի բանով զբաղվում է, խոպան է գնում»,-տարբեր բարբառներ միահյուսելով՝ ասում է տիկին Շուշիկն ու պատմում, թե ինչու է Գյումրու կենտրոնում միշտ լինում.

-Քաղաքապետարանում էլ գիտեն ինձ, շատերը կմտնին-կելնին ստեղ, ռայոններից էլ են գալիս, ընձի տեսնում են, մոտենում են՝ վախ չափել է, բան է, իրենք արդեն գիտեն,-ասում է նա:

Տիկին Շուշիկն ասում է, որ ամեն օր նվազագույնը վաստակում է երկու հազար դրամ. Գյումրի է հասնում առավոտյան՝ Երեւան-Գյումրի գնացքով, գյուղ է վերադառնում նորից գնացքով: Հպարտությամբ պատմում է, որ ճանապարհածախս չեն պահանջում, որովհետեւ իրեն լավ գիտեն, հաճախ էլ ճանապարհին ուղեւորների բախտն է գուշակում:
Տիկին Շուշիկը նաեւ պատմում է, որ երիտասարդներից շատերը ծիծաղում են, երբ տեսնում են իրեն: «Խնդում են, ես էլ դրա համար ինձ վատ եմ զգում»,-խոստովանում է նա ու շարունակում.

-Էրետիկ էլ եմ գրում, գիտե՞ք ինչ է էրետիկը: Երբ արեւը զարկում է, ճաքում է մարդու դեմքը, մարմնի տարբեր տեղերը, ես սրբով, թանաքով գրըմ եմ, բուժըմ եմ: Մեր գեղի հարեւանի աղջկան էրետիկ եմ գրել, բուժվեց: Մերը ելել-ընկել էր չոլերը, չէր կրնա բուժել. հարեւանները ըսել էին իրան, թե թողել ես մեր գեղի Շուշիկին, ընկել ես չոլեր,-պատմում է տիկին Շուշիկը:
Ամբողջ զրույցի ընթացքում տիկին Շուշիկի աչքը հետեւում է մարդկանց, փորձում է ծանոթներին ու հաճախորդներին գտնել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս