Եվրամիությունը զայրացրել է թուրքական իշխանություններին
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի դիտարկմամբ՝ սրացում է նկատվում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Նրա փոխանցմամբ՝ Եվրամիության մի շարք երկրների պահանջով ԵՄ արտակարգ հանձնաժողովն աուդիտ կսկսի Թուրքիայում՝ պարզելու համար, թե արդյո՞ք վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիա ուղարկված շուրջ 4 մլրդ դոլարը, որը պետք է ծախսվեր Թուրքիայում օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման և սոցիալական այլ խնդիրների լուծման վրա, հասել է իր նպատակին, թե՞ ոչ.
«Սա զայրացրել է թուրքական իշխանություններին»,- նկատեց թուրքագետը։ Այս զեկույցը հրապարակվելու է 2018 թվականին։
Պարոն Խուդավերդյանն իր խոսքում նշեց նաև, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ իրենք լքում են Ինջիռլիքի թուրքական ռազմաբազան, և հիմնավորել է նրանով, որ թուրքական իշխանություններն այդպես էլ թույլ չեն տալիս գերմանացի պատգամավորներին այցելել ռազմաբազա։
«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ Գերմանիայի համար բաց է միայն Կոնյայի ՆԱՏՕ-ի ռազմաբազան, այնուհանդերձ, Ինջիռլիքից Գերմանիայի դուրս գալը ոչ մի լավ բան չի բերի թուրք-գերմանական հարաբերություններում»,- հավելեց թուրքագետը։
Անդրադառնալով Քուրդիստանի՝ անկախ պետության հանրաքվե անելու հայտարարությանը, և դրա հետևանքով տարածաշրջանում հնարավոր զարգացումներին՝ բանախոսն ասաց.
«Իրաքյան Քուրդիստանը համարվում է ոչ դե յուրե պետություն, քանզի ունի իր կառավարման համակարգը, ունի իր հատուկ ծառայությունները։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քրդերը օգնեցին ԱՄՆ-ին տապալել Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնին։ Սակայն քրդերի նման անկախության հանրաքվեն դուր չի գալիս հատկապես թուրքական իշխանություններին, քանի որ քրդական քարտեզներում հենց Թուրքիայի արևելյան մասը՝ ներկայիս Արևմտյան Հայաստանի տարածքը, ևս համարվում է քրդական ստեղծվելիք պետության անբաժանելի մասը»։
Թուրքագետի համոզմամբ՝ թուրքական պետությունը մշտապես առիթը չի կորցրել թիրախավորելու և հարվածներ հասցնելու քրդերին։
«Կարող ենք ասել, որ ինչքան տարածաշրջանում հզորանա քրդական գործոնը, այնքան ավելի շատ վտանգ է սպառնալու Թուրքիայի կայունությանը, քանի որ քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու և Թուրքիայի կյանքն էլ ավելի դժոխային դարձնելու համար։ Ինչքան քրդական գործոնը հզորանա, այնքան ավելի է մեծանալու թուրք-քրդական բախումների հավանականությունը»,- նկատեց պարոն Խուդավերդյանը։
Նրա խոսքով՝ Քրդական բանվորական կուսակցությունն օր օրի մեծանում է, և պատահական չեն թուրք պաշտոնյաների մեղադրանքները՝ ուղղված գերտերություններին, որ ինչպես եվրոպական պետությունները, այնպես էլ մի շարք այլ պետություններ հովանավորում են քրդական ուժերին, որպեսզի վերջիններս ահաբեկչություններ իրականացնեն Թուրքիայում, անընդհատ հարձակումներ կատարեն թուրքական բանակային ստորաբաժանումների դեմ։
«Կարող ենք ասել, որ քրդերը գործիք են՝ Թուրքիայի վրա ներազդելու և Թուրքիայի քաղաքականությունը մշտապես վերահսկողության տակ պահելու համար»,- այսպես եզրափակեց իր խոսքը բանախոսը։
Ռոզա Հակոբյան