
Չինաստանում սատկել է մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր էգերից մեկը

Մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում: Այդ մասին գրել է China News պորտալը:
Սուսուն իսկական երկարակյաց էր, այս տարի լրացել էր նրա 34 տարին, եւ եթե նրա տարիքը փոխադրենք մարդու կյանքի տարիների, ապա մեծ պանդայի էգն ավելի քան 100 տարեկան էր:
Նա անազատության մեջ էր 1986 թվականից, երբ մարդիկ նրան վիրավոր գտել էին վայրի բնության մեջ եւ անհետաձգելի օգնություն ցույց տալուց հետո տեղավորել Չենդու քաղաքի կենդանաբանական այգում: Մասնագետներին հաջողվել էր ոտքի կանգնեցնել կենդանուն, բայց վիրավորվելու պատճառով նա մի աչքից կուրացել էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: