
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին և դեսպանության ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուային:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանության և Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության փոխհարաբերություններն ամուր հիմքեր և հետագա զարգացման մեծ ներուժ ունեն:
Թյան Էրլուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ փոխգործակցությունը խորանալու է, քանի որ ընդգրկուն են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, մասնավորապես, իրավապահ ոլորտում:
Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ փոխգործակցության ընդլայնումն արդյունավետ կլինի գործընկերությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների իրավապահ համակարգերի արդիականացման ու կատարելագործման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: