Իրանում ավելի քան 40 մարդու են ձերբակալել Թեհրանի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով
Իրանի անվտանգության ուժերը 41 մարդու են ձերբակալել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու եւ վահաբական խմբավորումներին պատկանելու կասկածանքով:
Այդ մասին հայտնել է IRINN լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարությանը (Իրանի հատուկ ծառայություններ):
«Մի շարք գործողությունների արդյունքում, որոնք զգոն հայրենակիցների աջակցությամբ անցկացվել են Քերմանշահի, Քուրդստանի, Արեւմտյան Ատրպատականի եւ Թեհրանի նահանգներում, ձերբակալվել են ծայրահեղական եւ վահաբական խմբավորումների 41 անդամներ: Ձերբակալվածներից առգրավվել են կապի միջոցներ, կեղծ փաստաթղթեր, ահաբեկչական գործողությունների համար նախատեսված հանդերձանք»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում: Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 17, վիրավորվել շուրջ 50 մարդ: