Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները թույլ չեն տա Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայի անկախության շուրջ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիեգո Մենդես դե Վիգոն:

«(Կատալոնիայի իշխանությունների) այդ նոր ռազմավարությունը ավելի ու ավելի արմատական է դառնում»,-նշել է նա՝ հիշեցնելով «օրենքը կատարելու» պարտավորությունների մասին: Մենդես դե Վիգոյի խոսքով՝ հանրահարցում անցկացնելու բոլոր փորձերը «կբողոքարկվեն կառավարության կողմից»:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ճշտել է, որ նվազում է նրանց թիվը, ովքեր պաշտպանում են անջատողականների գործողությունները: Հունիսի 9-ին ավելի վաղ ինքնավար մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Նրա խոսքով՝ հարցը, որը դրվելու է հանրաքվեի, ձեւակերպվելու է այսպես.

«Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա կառավարման հանրապետական ձեւով անկախ պետություն»:

«Մեր կողմից միշտ էլ Իսպանիայի կառավարությանն արվել են առաջարկություններ՝ համաձայնեցնելու հանրահարցումը, բայց դրանք բոլորն էլ մերժվել են կամ աղճատվել»,-ասել է նա: Կատալոնիան ինքնավար հանրակցություն է պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից հետո Սահմանադրական դատարանը չեղարկեց այդ փաստաթղթի գործողությունը:

Չնայած դրան, Կատալոնիայի իշխանությունները պնդում են հանրաքվեի անցկացումը: Մադրիդը քանիցս հայտարարել է, որ իր տրամադրության տակ մի ամբողջ շարք մեխանիզմներ կան՝ թույլ չտալու հանրահարցում անցկացնել, որը ոտնձգություն է Իսպանիայի միասնության ու ամբողջականության դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս