Քուրդ-արաբական ջոկատները Ռաքայի հյուսիսում ճեղքել են ահաբեկիչների պաշտպանությունը
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքա քաղաքի (Դամասկոսից հեռու է 520 կիլոմետր) հյուսիսում գրավել են նախկին բանակային զորանոցները, որոնք ծառայում էին որպես ահաբեկիչների պաշտպանական բնագիծ: Այդ մասին հայտնել է Firat գործակալությունը:
Նրա տվյալներով՝ քուրդ-արաբական ջոկատները, որոնք մտնում են ԴՍՈւ-ի մեջ, հինգ օր շարունակ ռազմաճակատի այդ տեղամասում կատաղի մարտեր Էին մղում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ելուզակների դեմ:
Նրանց հաջողվել է ճեղքել հակառակորդի պաշտպանությունը եւ ռազմավարական հենակետ գրավել դեպի քաղաքի կենտրոն շարժվելու համար: Ահաբեկիչներից ազատվել է նաեւ շաքարի ֆաբրիկայի շենքը:
Ռաքայի արեւմուտքում ԴՍՈւ-ի ուժերը առավոտյան մտել են Սաբահիա թաղամաս եւ փողոցային մարտեր են մղում այնտեղ: Ավելի վաղ նրանք ռազմաճակատի այդ հատվածում գրավել էին միջնադարյան միջնաբերդը Թել Հարկալ բլրի վրա եւ ահաբեկիչներին դուրս մղել Էլ Ջիզրայի մատույցներից: Քուրդ-արաբական ջոկատներն առաջ են շարժվել արեւելյան ուղղությամբ եւ ահաբեկիչներից մաքրել Մեշլեբ թաղամասը: Այժմ այնտեղ մարտեր են մղվում Էս Սինաա արդյունաբերական գոտում:
ԴՍՈւ-ի հրամանատարության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում սպանվել են ԻՊ-ի առնվազն 20 վարձկաններ: Հակառակորդի ընդհանուր կորուստները կազմել են շուրջ 100 սպանված ու վիրավոր:
Եփրատ գետի վրա ԻՊ-ի գլխավոր պատվարի գրոհն սկսվել է հունիսի 5-ին այն բանից հետո, երբ ԴՍՈւ-ի ուժերը հյուսիսային, արեւմտյան եւ արեւելյան ուղղություններով ընդհուպ մոտեցան քաղաքի մատույցներին: Նրանց օժանդակություն են ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, ռազմական գործողություններին մասնակցում են մի խումբ ամերիկացի հատուկջոկատայիններ, որոնք փոխադրվել են Իրաքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: