«Այդ պատգամավորն ուղղակի անփորձ պատգամավոր էր և ասաց այն, ինչ մտածում էր». Ավետիք Իշխանյանը՝ Անդրանիկ Կարապետյանի մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հայտարարությանը, թե կոռուպցիայի մասին բարձրաձայնելը համարվում է գործ տալու ինստիտուտ՝ նշեց, որ նա ուղղակի անփորձ պատգամավոր էր և ասաց այն, ինչ մտածում էր:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կոռուպցիայի մասին բարձրաձայնելը գործ տալ չէ, սա քաղաքակրթական մշակույթ է:
«Հայաստանում ամբողջ հաստատությունները, կուսակցությունները լցված են գործակալներով, իսկ ո՞րն է ավելի ճիշտ՝ լինեն գործակալնե՞ր, թե՞ ազնիվ մշակույթ լինի: Ես լավ ճանաչում են էդ ասողներին, իրենք առաջին գործ տվողներն են: Սա ուղղակի ծիծաղելի է»:
Իսկ Ազատ Արշակյանի խոսքով՝ պատգամավորները իրավունք չունեն կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարց բարձրացնել. Պատգամավորն իրավունք չունի գողական ռեժիմի մասին խոսել: Ըստ նրա՝ եթե պետության, հասարակության ունեցվածքի, կարգապահության դեմ ոտնձգություն կա, քաղաքացին պարտավոր է ահազանգել, կանչել, տեղյակ պահել իրավական մարմիններին:
«Ովքեր պաշտոնյաներ են և խոսում են քրեական էթիկայից, կանոնադրությունից, նրանք ընդամենը պաշտոն են զբաղեցնում, կարմիր պոլի վրա էլ ման են գալիս: Ի՞նչ է նշանակում՝ պետական այրերը խոսում են գործ տալու մասին: Քաղաքացիական պարտքի զգացում կա, հայրենիքի նկատմամբ պարտավորությունների ու պարտականությունների գրված ու չգրված կանոն կա»:
Իսկ վերջում Ազատ Արշակյանը պատգամավորներին կոչ արեց ծախսերը կրճատել, հայրենադարձություն կազմակերպել, աշխատատեղեր ստեղծել, գործարաններ, արտադրամասեր ստեղծել, «ձեր փողերով հերիք է վիլլաներ կառուցեք: Թե չէ մտածում են՝ ի՞նչ անենք, որ մեզանից բացի՝ ուրիշը փող չաշխատի»:
Անի Թորոսյան