Մեյը Եղիսաբեթ Երկրորդի հետ կհամաձայնեցնի նոր կառավարության ձևավորման հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին) կուղեւորվի Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ եւ հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նրա հետ համաձայնեցնելու բրիտանական նոր կառավարության ձեւավորման հարցը: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ հղում անելով կառավարության մամուլի քարտուղարին:
Նրա տվյալներով՝ վարչապետը կխնդրի պետության ղեկավարին՝ թույլատրել նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումն այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը Համայնքների պալատում:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ պահպանողականները կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններ են վարում Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ:
Վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Պահպանողական կուսակցությունը 318 պատգամավորական մանդատ է ստանում 650-տեղանոց Համայնքների պալատում: Ներկայում ձայների հաշվումը շարունակվում է. մնում է որոշել մեկ մանդատի բաշխումը ընտրատարածքներից մեկում: Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը տասը տեղ է գրավել խորհրդարանում, թորիների հետ նրանց հնարավոր կոալիցիան թույլ կտա պահպանողականներին մեծամասնություն ապահովել խորհրդարանում, որի համար անհրաժեշտ է առնվազն 326 տեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: