Բաժիններ՝

«Առաջ, հանրապետության» և դեմոկրատների դաշինքը կհաղթի Ֆրանսիայի ընտրությունների առաջին փուլում. Elabe

«Առաջ, հանրապետություն» շարժման եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության դաշինքը առաջին տեղը կզբաղեցնի Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ հունիսի 11-ին կայանալիք ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 29 տոկոսը:

Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի՝ հունիսի 9-ին հրապարակված տվյալները, որը BFMTV նորությունների հեռուստաալիքի պատվերով անցկացվել է Elabe ծառայության կողմից: Կառավարամետ կոալիցիային կհաջորդի «Հանրապետականներ» կուսակցության գլխավորած դաշինքը. հարցման համաձայն, նրա արդյունքը հավասար կլինի 23 տոկոսի:

Վարկանիշի երրորդ տեղում «Ազգային ճակատն» է՝ 17 տոկոս արդյունքով: Առաջատար կուսակցությունների խմբին 11 տոկոս արդյունքով հետեւում է Ժան-Լյուկ Մելանշոնի «Ըմբոստ Ֆրանսիա» շարժումը: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, որին աջակցում են Արմատական ձախ կուսակցությունը եւ մի շարք այլ մանր քաղաքական խմբեր, կստանա միայն ձայների 9 տոկոսը: 3 տոկոս արդյունքով այդ խմբից հետ են մնում ֆրանսիացի «կանաչները» եւ 2 տոկոս արդյունքով՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը: Ծայրահեղ ձախերը կարող են ակնկալել ոչ ավելի, քան 0,5 տոկոս. սա նրանց սովորական մակարդակ է տարատեսակ ընտրություններում:

Ֆրանսիայի քաղաքական մեկնաբանները, դիտարկելով այս հարցման տվյալները, հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ երկրի ընտրազանգվածի կեսը մտադիր չէ մասնակցել ընտրություններին: Հարցման մասնակիցների միայն 49 տոկոսն է հայտարարել, որ անպայմանորեն քվեարկելու կգան ընտրությունների առաջին փուլում: Քվեարկողների առավել մեծ թիվը նշվել է 50-65 տարեկանների (51 տոկոս) եւ 65 տարեկանների (66 տոկոս) խմբերում: Մինչդեռ ընտրություններին պլանավորել Է մասնակցել 18-24 տարեկանների միայն 32 տոկոսը:

Հարցումը հունիսի 5-8-ը Համացանցի միջոցով անցկացվել է 2001 մարդկանց շրջանում, որոնցից 1918-ը գրանցված են ընտրացուցակներում: Ֆրանսիայում Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը կկայանա հունիսի 11-ին, երկրորդը՝ հունիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս