Բաժիններ՝

Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնը մասնավորեցումից հետո կպահպանի բժշկական ծառայությունների ծավալը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցնում է, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնը մասնավորեցումից հետո կպահպանի բժշկական ծառայությունների ծավալը:

Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Արման Սահակյանը նշեց, որ կենտրոնը ներառված է ծրագրով մասնավորեցվող կազմակերպությունների ցանկում, սակայն մասնավորեցումից հետո պետությունը պահանջելու է, որպեսզի այն պահի բժշկական ծառայությունների ողջ ծավալը: «Կենտրոնն արդիականացման կարիք ունի, որը կարող են ապահովել միայն մասնավոր ներդրողները։ Սակայն պետությունը կպահանջի պահպանել կենտրոնի աշխատանքը նվազագույնը ներկա ծավալով»,- նշեց Սահակյանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետը հավելեց, որ պետությունը պահանջելու է, որպեսզի կենտրոնն արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերի բոլոր կարիքավորներին:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է մասնավորեցնել 47 ձեռնարկություն, որոնց թվում են նաև մի շարք առողջապահական հաստատություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս