Կատարն անհիմն է համարել արաբական երկրների կողմից ահաբեկիչների ցուցակի ընդլայնումը
Կատարն անհիմն է համարում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի կողմից 59 ֆիզիկական անձանց եւ 12 կառույցների, այդ թվում՝ կատարական, ներառումը այն անձանց ու կազմակերպությունների ցուցակում, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի վերջերս արված համատեղ հայտարարությունն էլ ավելի է ուժեղացնում անհիմն մեղադրանքները, որոնք իրականությանը չեն համապատասխանում,-գործակալությունը մեջբերում է Դոհայի պաշտոնական հայտարարությունը:-Ահաբեկչության դեմ պայքարում մեր դիրքն ավելի ուժեղ է, քան համատեղ հայտարարությունն ստորագրածներից շատերինը, ինչը անտեսվել է դրա հեղինակների կողմից»:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը հունիսի 8-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկված են այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ եւ որոնք ուղղակի աջակցություն են ստանում Կատարի կողմից:
Ցանկում տեղ են գտել 59 ֆիզիկական անձինք, առավելապես կատարցիներ ու եգիպտացիներ: Ցուցակում հայտնվել են խոշոր գործարարներ ու քաղաքական գործիչներ, ներառյալ իշխող դինաստիայի անդամ եւ Կատարի նախկին վարչապետ Աբդուլա բին Խալիֆ ալ Թանին: Հիշատակվում է նաեւ Մուսուլման գիտնականների միջազգային միության նախագահ եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման ոչ պաշտոնական առաջնորդներից մեկը՝ Աբդուլահ Յուսուֆ ալ Կարդավին:
Սեւ ցուցակում ներառված են նաեւ 12 ընկերություններ, որոնք են Կատարի մասնակցությամբ ստեղծվել ու հովանավորվել այդ երկրի, ինչպես նաեւ Լիբիայի եւ Բահրեյնի տարածքում: Նրանց թվում են հայտնվել Դոհայում Apple-ի ստորաբաժանումը, ինչպես նաեւ մի շարք բարեգործական կազմակերպություններ:
Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:
Կատարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: