Բաժիններ՝

Ճապոնիայի խորհրդարանը 200 տարում առաջին անգամ թույլատրեց գահից կայսեր հրաժարումը

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել գահից Ակիհիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին: Քվեարկությանը մասնակցել են 242 պատգամավորներից 235-ը, նրանք բոլորը պաշտպանել են փաստաթուղթը։

Փաստաթուղթը ենթադրում է, որ գահից հրաժարումը կարող է տեղի ունենալ օրենքի հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում: Պաշտոնապես հնարավոր ամսաթիվը չի նշվում, սակայն, ճապոնական մամուլի տվյալներով, դա տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերին:

Օրենքի համաձայն, գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ գերազանցություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Դրա հետ մեկտեղ նրան կկոչեն «ձյոկո», ինչը կարելի է թարգմանել որպես «հրաժարված կայսր», իսկ նրա տիկնոջը՝ Միտիկոյին՝ «ձյոկովո»:

Հրաժարականի օրինագիծը մշակվել է հատուկ 83-ամյա Ակիհիտոյի համար, քանի որ կառավարությունը չի ցանկացել մշտապես գործող ուղղումներ կատարել Կայսերական տան մասին օրենքում: Դա, Ճապոնիայի իշխանությունների կարծիքով, նախադեպ կստեղծեր եւ հնարավոր կդարձներ կայսրերի վրա քաղաքական ճնշում գործադրելն ապագայում:

Ակիհիտոն ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին: Նա համարվում է աշխարհում ամենահին գահատոհմերից մեկի ներկայացուցիչը: Նա կայսր Հիրոհիտոյի (1901-1989 թ.) եւ կայսրուհի Նագակոյի (1903-2000 թ.) ամուսնությունից ծնված առաջնեկն է, որոնք ունեցել են երկու որդի եւ հինգ դուստր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս