«Կա տեսագրություն, որտեղ երևում է, որ 2-3 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք». Շիրակի մարզի դատախազը՝ Գյումրու միջադեպի մասին
Նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին երեկոյան Գյումրու կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հունիսի 8-ի երեկոյան Գյումրու «Թատերական» հրապարակում տեղի է ունեցել ծեծկռտուք 2 անձանց միջև, որոնց բաժանելու նպատակով միացել են այլ քաղաքացիներ: Մեր այն հարցին թե կրակոցներ հնչե՞լ են, ինչպես ներկայացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, պարոն Գաբրիելյանը փաստեց, որ կրակոցների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
«Ես զարմանում եմ, թե լրատվամիջոցներն այդ ինֆորմացիան որտեղից են վերցրել: Մենք կրակոցների մասին ինֆորմացիա, բացի այն, ինչ կա լրատվամիջոցներում, չունենք: Խնդրում եմ՝ եթե կան նման քաղաքացիներ, ովքեր այդ միջադեպի ժամանակ լսել են կրակոցներ, թող տեղյակ պահեն իրավապահ մարմիններին»,-նշեց Շիրակի մարզի դատախազը՝ փաստելով, որ այդ դեպքի հետ կապված արդեն կան տեսագրություններ:
«Կա տեսագրություն, որտեղ երևում է, որ 2-3 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ տեսագրությունից արդեն պարզ են տվյալ անձինք, բայց, քանի որ տվյալ անձինք այս պահին չեն հայտնաբերվել, նրանց ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Դատախազը կրկին հորդորեց այն անձանց, ովքեր ունեն տեղեկություն, որ կրակոցներ են հնչել կամ ականատես են եղել կամ ունեն այլ տվյալներ, ներկայանան ոստիկանության կամ իրավապահ ցանկացած բաժին և ներկայացնեն հաղորդում:
Միջադեպի պատճառով Գյումրի բժշկական կենտրոն որևէ քաղաքացի չի դիմել՝ «Արմենպրես»-ին վստահեցրին հիվանդանոցի մամլո կենտրոնից:
Արմենուհի Մխոյան