Բաժիններ՝

Թուրքիան Կատար կուղարկի նաև ռազմական ինքնաթիռներ ու նավեր

Մինչ միջազգային հարաբերություններում շարունակում է պահպանվել լարվածությունը Կատարի շուրջ, պաշտոնական Անկարան հայտարարել է այդ երկրում նախատեսվող ռազմաբազայում նաև ռազմական ինքնաթիռներ ու նավեր ուղարկելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Պարբերականը տեղեկացնում է, որ թեպետ նախնական նպատակը Դոհայում գտնվող ռազմաբազայում Կատարի ժանդարմերիայի ներկայացուցիչների վերապատրաստումն է թուրք մասնագետների կողմից, սակայն թուրքական կողմը միայն այդքանով չի սահմանափակվելու: Դոհա են տեղափոխվելու նաև թուրքական օդուժն ու ծովային ուժերը:

Նախատեսվում է առաջիկայում Կատար ուղարկել 90 զինվորից բաղկացած պատվիրակություն, որը կուսումնասիրի ռազմաբազայի պայմանները: Արդեն առաջիկա երկու ամսվա ընթացքում Դոհա կուղարկվի 200-250 զինվոր:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում:

Որոշումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս