Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահն ու դատավորը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:
Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Մեր տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել և միանգամից տեղափոխվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մեր զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և 10 րոպե հետո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ՝ էս հրատապությունն ո՞ւմ համար էր, ի՞նչ է նշանակում»,- ասաց պաշտպանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։