Հանրահայտ «Կիևյան» տորթի դասական բաղադրատոմսը
Մի անգամ հրուշակագործները մոռացել են սառնարանում դնել սպիտակուցային խառնուրդի մի մասը, և հաջորդ օրը ներկայանալով աշխատանքի՝ Կոնստանտին Նիկիտովիչ Պետրենկոն, 17-ամյա հրուշակագործի օգնական Նադեժդա Չեռնոգորի հետ վախով և տագնապով որոշել են սպիտակուցային խառնուրդը խառնել կարագային կրեմով, լցնել վանիլային փոշի և զարդարել ծաղկավոր զարդարանքներով: Հենց այսպես է առաջացել հանրահայտ «Կիևյան» տորթը:
Հիմա տորթի ապրանքանշանը և պատրաստման եղանակը պատկանում են Roshen հրուշակային ընկերությանը։
Բաղադրիչներ
1. Ձվի սպիտակուց – 12 հատ
2. Շաքարավազ – 500 գ
3. Ալյուր – 100 գ
4. Պնդուկ – 350 գ
5. Վանիլին – 2 տուփ
Կրեմ
1. Կարագ – 550 գ
2. Ձվի դեղնուց – 12 հատ
3. Շաքարավազ – 300 գ
4. Կաթ – 350 մլ
5. Կակաո – 20 գ
6. Վանիլին – 1 տուփ
7. Կոնյակ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Երկու միանման թասի մեջ առանձնացնել 12 սպիտակուց՝ յուրաքանչյուրում 6-ական: Ծածկել թաղանթով և թողնել 30-40 աստիճան տաքություն ունեցող տեղում 1 օր: Դեղնուցները, որոնք պետք են կրեմի համար, դնել սառնարանի մեջ:
2. 24 ժամ անց սպիտակուցները պատրաստ են: Բարձր արագությամբ հարել դրանք՝ մինչև լավ պնդանալը: Չդադարեցնելով հարելը՝ ավելացնել 1 տուփ վանիլին և 50 գ շաքարավազ:
3. Առանձին թասի մեջ խառնել 200 գ շաքարավազ, 50 գ ալյուր և 175 գ մի փոքր բոված և մանրացրած պնդուկ: Ստացված խառնուրդն ավելացնել սպիտակուցային զանգվածին և զգուշությամբ խառնել՝ մինչև միասեռ դառնալը:
4. 28 սմ կաղապարը պատել յուղաթղթով և վրան առատ կարագ քսել: Դրա մեջ լցնել խմորը և հարթեցնել: Նույնն անել 2-րդ շերտի մեջ:
5. Շերտերը թխել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում 2-2.5 ժամ: Պատրաստի շերտերը թողնել հանգստանալու 12-24 ժամ:
6. Պատրաստել դեղնուցային կրեմ «Շառլոտ»: Թասի մեջ լցնել 300 գ շաքարավազ և վրան ավելացնել 350 մլ կաթ: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի:
7. Առանձին թասի մեջ հարել 12 դեղնուցները և աստիճանաբար ավելացնել տաք կաթնային օշարակի կեսը: Հետ վերադարձնել զանգվածը մնացած կաթնային օշարակի մեջ, դնել կրակին և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Վերցնել կրակից և շարունակել խառնել մի քանի րոպե: Թողնել, որպեսզի սառչի:
8. Բարձր արագությամբ հարել 500 գ կարագը 1 տուփ վանիլինի հետ: Աստիճանաբար, չդադարեցնելով հարելը, ավելացնել արդեն սառած կաթնաձվային խառնուրդը: Կրեմը պատրաստ է: Կրեմի 1/3 մասը դնել մի կողմ՝ շոկոլադային կրեմ պատրաստելու համար (դրանով պետք է պատել տորթի կողքերը և երեսը): 3 ճ/գ պահել զարդարելու համար: Մնացած կրեմի մեջ ավելացնել 2 ճ/գ կոնյակ և նորից հարել:
9. Շոկոլադային կրեմ ստանալու համար մի կողմ դրված 1/3 մասի մեջ ավելացնել 20 գ կակաո և լավ խառնել:
10. Հավաքել տորթը: 28 սմ բացվող կաղապարի մեջ հարթ մասով ներքև դնել խմորի շերտը: Վրայից հաստ շերտով քսել կրեմ «Շառլոտը»: Ծածկել խմորի 2-րդ շերտով: Մի փոքր սեղմել: Մի փոքր կրեմ քսել: Շուռ տալ ափսեի մեջ և հանել կաղապարը:
11. Կողքերը և վրան շոկոլադային կրեմ քսել: Կողքերին մանրացրած պնդուկ շաղ տալ:
12. Զարդարելու համար առանձնացրած կրեմով տորթի վրա ծաղիկներ նկարել:
13. Պատրաստի տորթը մատուցելուց առաջ 5-6 ժամ պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը