Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է դեսպանին հանդիպելու Մուխտարլըի պահանջին
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է օրեր առաջ Թբիլիսիում առևանգված և անօրինական ճանապարհով Բաքվին հանձնված լրագրող Աֆղան Մուխտարլըի՝ Վրաստանի դեսպանին հանդիպելու պահանջին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Վրաստանի դեսպանատան աշխատակիցը հայտնել է, որ իրենք հանգամանորեն տեղյակ են Մուխտարլըի հետ կատարվածից, և գիտեն ,որ լրագրողը ցանկանում է հանդիպել դեսպանին:
«Դեսպանը ներկայումս գտնվում է Վրաստանում և Ադրբեջանում կլինի հաջորդ շաբաթ: Մուխտարլըի հետ հանդիպման հանգամանքները կճշտվեն նրա վերադարձից հետո»,- ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցը:
Դեսպանատան աշխատակիցը հավելել է, որ Ադրբեջանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը մանրամասնորեն հետևելու է Մուխտարլըի գործի հանգամանքներին:
Լրագրողի փաստաբան Սադըգովը հունիսի 8ին հայտնել է, որ իր պաշտպանյալը ցանկություն է հայտնել հանդիպել Ադրբեջանում Վրաստանի դեսպանի հետ:
«Մենք իրավաբանորեն պահանջել ենք, որ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հանդիպի Մուխտարլըին, պարզաբանումներ տա նրա՝ Վրաստանում առևանգման հետ կապված և պատասխանի պաշտպանյալիս հարցերին»,- ասել էր Սադըգովը:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:
Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով: