Ադրբեջանում ձերբակալվել է «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիրը
Բաքվում ձերբակալվել է «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրա եղբայր Սաբահադդին Մամեդովը նշել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, Հիլալ Մամեդովին է այցելել թաղային ոստիկանը և նրան առաջարկել այցելել իր գրասենյակ՝ դատապարտվածների հետ պրոֆիլակտիկ աշխատանքի նպատակով:
Այնուհետև Հիլալ Մամեդովը զանգահարել է տուն և հասցրել տեղեկացնել, որ իրեն տանում են ոստիկանության բաժանմունք, որը տեղակայված է մետրոյի «Գյանջլիկ» կայարանի մոտակայքում: Այդ շրջանում է գտնվում նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
Հիլալ Մամեմդովը ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 21-ին: Նա մեղադրվել է պետական դավաճանության, միջէթնիկական ատելության հրահրման և թրմանյութերի վաճառքի մեջ: Դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման:
2017 թվականի մարտի 17-ին Հիլալ Մամեդովը ազատ էր արձակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաներմամբ: