
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը վերակազմավորվում է հիմնադրամի

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հիմնադրամի վերակազմակերպվելու արդյունքում բուհը կունենա, մասնավորապես, իր գույքն ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործելու հնարավորություն, կկարողանա ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման:
«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշ ունեցող եվրոպական շատ բուհերի գործունեության իրավակազմակերպական հիմնական ձևը հիմնադրամն է, որը սահմանում և ապահովում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ինքնավարությունը»,- ասաց նախարարը:
Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև պետական բյուջեից օրենքով նախատեսված ֆինանսավորումը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների արդիականացման քաղաքականությունը որդեգրած հայաստանյան շատ բուհեր, ի թիվս դրանց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, կրթական բարեփոխումների համատեքստում ընդգծում է ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը: