Բաժիններ՝

«Կա ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք դուք, և կա իրական Հայաստան, որի հետ դուք որևէ աղերս չունեք». Նաիրա Զոհրաբյանը՝ Վաչե Տերտերյանին

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում դիմելով համայնքների խոշորացման ծրագրի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց, թե այսօր կա երկու տարբեր Հայաստան, որոնցից մեկում՝ «ֆեյք Հայաստանում», ապրում է Տերտերյանը. «Կա ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք դուք, որտեղ բոլորն ամեն ինչից գոհ են, և դուք այստեղ ներկայացնում եք ծրագիր, որի արդյունավետությունը որևէ մեկս չենք տեսել, ներկայացնում եք բացարձակ ֆեյք իրականություն, և կա իրական Հայաստան, որի հետ դուք որևէ աղերս չունեք»։

Զոհրաբյանը նկատեց՝ խախտվել է Սահմանադրության 190-րդ հոդվածը՝ հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել, ԱԺ-ն համապատասխան օրենք ընդունելիս՝ պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը.

«Հիմա դուք ասում եք՝ մենք լսել ենք համայնքապետերի, համայնքների կարծիքը. ո՛չ, հարգարժան կառավարություն, դուք չեք լսել, դուք կանչել եք մարզպետներին, նրանց ասել եք, որ սա քաղաքական որոշում է, և որևէ գյուղապետ կամ բնակիչ չհամարձակվի թպրտալ, և այս ծրագիրը պետք է իրականացվի։ Եթե սա համարում եք հանրային լայն քննարկում, ապա առաջարկում եմ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և «հանրային լայն քննարկում» հասկացությունը ձևակերպել այնպես, ինչպես դուք դա իրականացնում եք»։

Զոհրաբյանը նշեց, որ համապատասխան մոնիտորինգ չի արվել, իսկ եթե արվել է, ապա, ըստ նրա՝ արդյունքներն այնքան վատն են եղել, որ կառավարությունն այն ներկայացնելու համարձակություն չունի։

«Որևէ մեկն իր խերից փախած չէ, եթե բնակչությունը տեսներ, որ համայնքների խոշորացումն ավելի արդյունավետ է, ապա իրենք կօգտվեին Սահմանադրությամբ իրենց տված լիազորություններից, տեղական հանրաքվեներ կանեին և իրենք կգային՝ կխնդրեին ձեզ՝ պահանջելով համայնքների խոշորացում։ Մեկ մոտիվացիա կարող էր լինել, որ մենք կողմ քվեարկեինք այս նախագծին. եթե դուք գայիք, ներկայացնեիք խոշորացված համայնքների արդյունավետությունը, բայց մենք հանրությունից այլ բան ենք լսել։

«Ծառուկյան» դաշինքն այս նախաձեռնությանը կողմ քվեարկել չի կարող»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս