Բաժիններ՝

«Տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ անել. դա վիրուս է». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ տեղային հայրենասիրությունը վտանգավոր է ՀՀ պետականության համար. «Ամեն գյուղի բնակչություն համոզված է, որ Հայաստանում բացարձակապես առանձնահատուկ մարդիկ են իրենց գյուղում ապրում, և որ այդ գյուղը նորագույն էթնոսի սկիզբ է հանդիսանում։ Խոսքը ոչ թե ազգային փոքրամասնության, այլ ազգային մեծամասնության ներկայացուցիչներով բնակեցված գյուղերին է վերաբերում։

Եթե այդ գյուղերին թույլ տանք, իրար մեջ նույնիսկ հսկիչ անցագրային կետեր և վիզային ռեժիմ կսահմանեն, որ Հայաստանի ուրիշ տարածքից առանց վիզայի իրենց գյուղ մտնելու հնարավորություն չլինի։ Որ մտնում ես՝ ասում ես՝ դե մեր գյուղը մի քիչ ուրիշ ձևի գյուղ է, դուք չեք պատկերացնի»։

Փաշինյանն ասաց, որ շատ է շրջում մարզերում և ուզում է բոլոր մարզերի բնակչության «մտավախությունները» փարատել.

«Մենք ունիտար ժողովուրդ ենք, այն առավելություններն ու թերությունները, որ ունեն գյումրեցիները, ունեն նաև կապանցիները։ Սա չի նշանակում, որ ոչ մի տարբերություն չկա, բայց, ասենք, երկու եղբայր իրարից ձայնով, դեմքի արտահայտությամբ են տարբերվում և այլն, բայց դա չի նշանակում, որ իրենք եղբայրներ չեն, այլ հարևանի ընկերոջ բաջանաղի տղերք։ Այս տեղային հայրենասիրությունն ընդհանրապես պետք է արմատախիլ անել։ Իմ կարծիքով՝ դա մեր պետականության հիմքում դրված վիրուս է»։

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին, նա ասաց, որ եթե պարզվի՝ դա էֆեկտիվ չէ, ի՞նչ է լինելու. «Ամեն մարզում ունենում ենք 4 խոշորացված համայնք, երաշխիքներ ունե՞նք, որ հետագայում մարզերը չենք խոշորացնելու»։

Նրա խոսքով՝ եթե գոնե խոշորացված համայնքներում գործեր համամասնական ընտրական համակարգ, ապա դա քաղաքական առումով դրական տեղաշարժ կլիներ։

Վերջում նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորներին անընդհատ զանգում են տարբեր ավագանիներից ու խնդրում՝ ԱԺ-ից բարձրաձայնել, որ խոշորացումը աղետ է. «Հետաքրքրվեցինք և իմացանք, թե զանգողներն ովքեր են, և ուզում եմ նրանց ասել՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ վաղ անցյալում, նրանց էլ զանգեք՝ բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն է»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս