«Կառավարման սուբյեկտների թվայնացումը մեծ արդյունք է տալիս». Վարչապետի հանձնարարականները
Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ արդեն իսկ որոշ գերատեսչություններ միջոցներ են ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն հարկավոր է հարցին տալ համակարգային լուծում:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ, ըստ ոլորտների, անհրաժեշտ թվայնացում իրականացնելու ուղղությունների և դրանց հիմնավորումների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ առաջին կետով նախատեսված ամբողջ տեղեկատվությունը ստանալուն պես երկշաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով և պատասխանատուներով»,- ասաց վարչապետը:
Կ. Կարապետյանի խոսքով՝ պետք է ունենալ թվային քարտեզ, թվայնացնել կառավարման բոլոր սուբյեկտները, բիզնես գործընթացները:
«Արդեն մի քանի գերատեսչություններում՝ ՊԵԿ-ում, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ունենք նման փորձ: Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ տեսնում ենք մեր թերությունները, ցայտուն երևում են անհամամասնությունները և, ըստ այդմ, շատ մեծ կիրառական արդյունք է ապահովվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չկա մի ոլորտ, որտեղ չլինի թվայնացման անհրաժեշտություն: