«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ». Էդուարդ Շարմազանով
«Այսօրվա աշխարհում հաջողել են այն պետությունները, որտեղ մասնավորեցումն իրականացվել է ճիշտ ձևով։ Մենք չենք ասում՝ ինչ ուզենք՝ անենք, բայց մասնավորեցումն ու սեփականաշնորհումն ապացուցել է իր մրցունակ լինելը»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծն առողջ տրամաբանության սահմաններում է։
Նրա խոսքով՝ ԱԺ-ի դերը պետք է լինի վերահսկումը, ֆիլտրումը. «Եթե տեսնում ենք, որ ինչ-որ բան անթույլատրելի է, ասում ենք՝ սիրելի կառավարություն ջան, սա վերցրեք հետ տարեք, որովհետև մենք կարծում ենք, որ չի համապատասխանում մեր պահանջներին։ Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ, բացի փողից դա խնդիր ունի արդյունավետ, մատչելի կառավարման»։
Շարմազանովի խոսքով՝ մասնավոր հիվանդանոցներն ավելի որակյալ ծառայություններ են մատուցում, քան պետական հիվանդանոցները. «Ես չեմ ասում, թե ամբողջ առողջապահական ոլորտը պետք է մասնավորեցնել։ Մենք այստեղ ունենք բազում խնդիրներ, և համոզված եմ, որ առողջապահության նախարարն առաջիկայում կհույրընկալվի ԱԺ-ում և նաև պոլիկլինիկաների հետ կապված կիրականացնենք թեժ լսումներ»։
Եզրափակելով նա նշեց, որ ներկայացված նախագիծն առաջարկում է լուծումներ և կոչ արեց՝ կողմ քվեարկել։
«Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Շարմազանովը, ինչը գործընկերների մոտ ծիծաղ առաջացրեց։