Բաժիններ՝

«Բժիշկներն ասում են՝ գնա տուն, ինֆարկտը թող քեզ նորմալ խփի, այդ ժամանակ պետպատվերով կստենդավորենք». Նիկոլ Փաշինյան

«Մեզ համար խիստ անընդունելի է, որ հանրության ամենալայն շերտերի շահերը շոշափող կարևորագույն օբյեկտների սեփակամաշնորհումը տեղի ունենա առանց հանրային և խորհրդարանական պատշաճ լսումների»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծով ա նախատեսվում է առողջապահական շուրջ տասը կարևոր օբյեկտների սեփականաշնորհում, մինչդեռ Առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անմասն է մնացել այս փաթեթի և այս օբյեկտների սեփականաշնորհման քննարկումներից։

«Ճիշտ է, որ մասնավոր հիվանդանոցներն ավելի լավ վիճակում են գտնվում, քան պետականները։ Այո, շատ հաճախ այդ մասնավոր հիվանդնոցնեի զուգարաններից ավանդական գարշահոտությունը չի փչում, և դա շատ լավ է, բայց ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։

Արդյունքն այն է, որ եթե որևէ քաղաքացի փռշտալուց ավելի առողջական բողոք ունի, նորմալ հետազոտություն անցնելու համար պետք է ամենաքիչը 150-200 հազար դրամ ծախսի։ Այո, մեր պետությունն անապահովության որոշակի չափանիշներ ունեցող մարդկանց տալիս է պետպատվերի հնարավորություն, բայց տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնապես աղքատ են ու նրանց պետպատվեր չի տրվում։

Այսպիսի ընտանիքների թիվը 80 հազարի է հասնում։ Մարդը տարվա կեսին գնում է, որպեսզի պետպատվերի ծառայություններից օգտվի, բայց իրեն ասում են՝ վերջացել է պետպատվերը։ Ուրեմն հիվանդ պետք է սպասես, մինչև հաջորդ տարվա բյուջեով քեզ գումար հատկացնեն»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Փաշինյանը բարձրացրեց նաև սրտի ստենդավորման խնդիրը՝ ընդգծելով, որ մարդուն ծայրահեղ ծանր հասցնում են հիվանդանոց, բայց այնտեղից ասում են, թե չպետք է հարևանի մեքենայով գար, այլ սպասեր շտապօգնությանը.

«Կամ ասում են՝ ճիշտ է՝ 2 ժամից ինֆարկտ ես ստանալու, բայց այս պահին կառավարության որոշման համաձայն՝ դեռ չես ստացել, գնա տուն, ինֆարկտը թող քեզ նորմալ խփի, եթե բախտդ կբերի՝ կհասնես հիվանդանոց, այդ ժամանակ պետպատվերով կստենդավորենք։ Զավեշտալի է թվում, բայց տասնյակ մարդիկ ուղղակի մահացել են սրա հետևանքով։

Հիվանդությունների կանխարգելման համակարգը Հայաստանում, Փաշինյանի խոսքով՝ ջախջախված է, որովհետև պոլիկլինիկաները ջախջախված են.

«Առողջապահական պետպատվերը կենտրոնացրել ենք մի քանի մասնավոր օբյկետներում, և այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում գործում է առողջապահական օլիգարխների համակարգ։ Այդ հիվանդանոցները տանում են բոլոր լավագույն կադրերին, և այսօր պոլիկլինիկաներում կարող է աշխատել այնպիսի բժիշկ, որ ոսկորի կոտրվածքը չտարբերի, բռնի՝ կոտրված ոսկորը մասաժ անի։ Սարքը կա, ամեն ինչը կա, բայց այն անեկդոտի նման ասում է՝ սպասի բժիշկը գա, կասի, ես այստեղի էլեկտրիկն եմ։ Սա շատ լուրջ պրոբլեմ է»։

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ «Ելք» դաշինքը դեմ է քվեարկելու առաջարկվող օրենքի նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս