
35 մարդ է հոսպիտալացվել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններից հետո

35 մարդ է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո: Այդ մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Աբաս Զարենեժադը:
Նրա խոսքով՝ «նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»: ISNA-ն տարածել է տուժածների անունների պաշտոնական ցուցակը, ինչպես նաեւ երկու զոհվածների վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից հաստատված տվյալները:
Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ստացված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, պահապաններից մեկը զոհվել է, եւս ութը վերքեր են ստացել:
Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում: Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել ահաբեկիչներին, որոնք ցանկանում են խնդիրներ ստեղծել երկրում: Ընդսմին, ինչպես նշում է Mehr գործակալությունը, խոսնակը խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրաձգությունը համարել է «ոչ մեծ միջադեպ»:
Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ ընդամենը Թեհրանում պլանավորվում էր երեք ահաբեկչություն: Դրանցից մեկը հաջողվել է կանխել: Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: