
Կառավարությունը և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերությունը կհամագործակցեն

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը:
«GS Inima Environment S.A» ընկերությունը ջրային ոլորտում առաջատար կազմակերպություններից է, որը 18 երկրում պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր է իրականացնում: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «GS Inima Environment S.A» գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը քննարկել են համագործակցության ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ողջունելով համագործակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է ջրային ենթակառուցվածքների զարգացման, աղբի վերամշակման, խմելու ջրի մատակարարման ու կեղտաջրերի մաքրման ոլորտներում համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը:
Մարտա Վերդե Բլասկեզը նշել է, որ «GS Inima Environment S.A»-ը բարձր է գնահատում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը, պատրաստ է համագործակցել նշված ուղղություններով և նորարարական լուծումներ առաջարկել առկա խնդիրների կարգավորման համար: