Բաժիններ՝

ԱՄՆ-ում քաղաքների զարգացման մասնագետներն առաջարկել են Համացանցը դասել բազային ծառայությունների թվին

Քաղաքների զարգացման մասնագետների՝ Նյու Յորքում բացված խորհրդաժողովի մասնակիցները խորհուրդ են տվել Համացանցին լայնաշերտ միացումը ներառել բազային կոմունալ ծառայությունների թվում: Այս մասին ասված է այն հայտարարության մեջ, որը հունիսի 6-ին հրապարակվել է «Ինտելեկտուալ հանրակցության համաժողով» (Intelligent Community Forum, ICF) կազմակերպության կայքում, որն անցկացնում է միջոցառումը:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, խորհրդաժողովի մասնակիցները հավանություն են տվել այն բանձեւին, որն ամբողջ աշխարհի քաղաքների իշխանություններին կոչ է անում «մատչելի գնով Համացանցի լայնաշերտ միացումը» ճանաչել բնակչությանը տրամադրվող բազային կոմունալ ծառայություններից մեկը:

Մասնագետները նաեւ նշել են, որ համաշխարհային ցանցին այդ միացման առկայությունը տնտեսական աճի եւ կենսամակարդակի բարձրացման հանգուցային գործոններից մեկն է:

ICF-ի խորհրդաժողովը Նյու Յորքում բացվել է հունիսի 6-ին: Դրան մասնակցում են մի քանի տասնյակ, մեծավ մասամբ Միացյալ Նահանգների, քաղաքների իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ձեռնարկիչներ եւ այդ ոլորտի փորձագետներ:

Պլանավորվում է, որ համաժողովում կկայանան բանվեճեր լայն շրջանակի թեմաների շուրջը, որոնք վերաբերում են քաղաքների պլանավորմանն ու բարեկարգմանը, դրանց տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքին:

Խորհրդաժողովի վերջին օրը՝ հունիսի 8-ին, կհայտարարվի այս տարվա ընթացքում «մոլորակի ամենախելացի քաղաքը», որն աչքի է ընկել, մասնավորապես, ենթակառուցվածքային եւ այլ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս