ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել աշխարհում ջրի պաշարների պակասելու կապակցությամբ
Աշխարհում ջրի պաշարների սպառումը կհանգեցնի այն բանին, որ 2050 թվականին մոլորակի բնակչության մեկ քառորդը ջրի շարունակական կամ ժամանակավոր պակաս կզգա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր անդրսահմանային ջրահոսքերի հարցերին:
«Այն պայմաններում, երբ խմելու ջրի պահանջը դարի կեսին կաճի 40 տոկոսով, խմելու ջրի պակասի հարցն աճող մտահոգություն է հարուցում»,- ընդգծել է նա:
«Եթե ջրային պաշարների կառավարման արդյունավետ մեխանիզմ չմշակվի, մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ կտրուկ կսրվեն վեճերն առանձին համայնքների եւ նույնիսկ պետությունների միջեւ»,- նախազգուշացրել է նա՝ ըստ որում հիշեցնելով, որ աշխարհում կան 270 գետավազաններ, որոնք որպես քաղցրահամ ջրի աղբյուրներ են օգտագործում երկու կամ մի քանի երկրներ, եւ այդ գետավազանները խմելու ջրով են ապահովում մոլորակի բնակչության 40 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: