Բաժիններ՝

«Արամ Սրբազանը ևս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել»

Եկեղեցական կյանքում  եւ, առհասարակ, բոլոր հարաբերություններում տարակարծություններ լինում են, սակայն դրանք չպետք է խորանան եւ սպառնան եկեղեցու բնականոն գործունեությանը:

Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Երուսաղեմի Հայոց պատրիարքի բացակայությունը, արդյոք, պայմանավորվա՞ծ է Մայր Աթոռի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջեւ առկա ինչ-ինչ տարակարծություններով:

«Խնդիրն այն է, որ այդ տարակարծությունները չպետք է դառնան անջրպետ: Մենք անջրպետ չունենք: Երուսաղեմի Հայոց պատրիարքը բացակայում է հարգելի պատճառով, առողջական ինչ-ինչ խնդիրներ ունի, սակայն նա իր զորակցությունն է հայտնել հեռախոսազրույցով, բացի դրանից՝ Երուսաղեմի պատրիարքության  ներկայացուցիչներն այստեղ են»,-վստահեցրեց նա:

Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականին եւ պատրիարքի առաջիկա ընտրություններին՝ նա նշեց, որ ժամկետները առաջիկա կրոնական ժողովում կհստակեցվեն:

«Գիտեմ, որ Արամ Սրբազանը եւս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել եւ ծանր կացության մեջ է եղել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում ինչ-որ ձեւով նրա վարքագծին գնահատական տալ, միայն կբավարարվեմ արձանագրելով այն փաստը, որ ամեն ինչ բարեհաջող անցավ»,-եզրափակեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել: Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս հունիսի 1-ին վերադարձել էր Ստամբուլ՝ պաշտոնապես տալով պատրիարքական ընտրության կազմակերպման գործընթացի մեկնարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս