Բաժիններ՝

Ենոքավանը ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կունենա

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում առաջիկայում ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կստեղծվի: Նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի բարեգործ Բեռնար Ժանենն է, ով Հայաստան է ժամանել 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին՝ որպես փրկարար: Ենոքավանում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Բեռնար Ժանենն ընդգծեց, որ Ենոքավան համայնք պարբերական այցելությունները հանգեցրել են այդ վայրում բիզնես ծրագիր իրականացնելու մտքին: «Հետագայում ինձ միացան նաև որդիս, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ֆելիքս Մարգարյանը:

«Համայնքում ֆրանսիական մթնոլորտով համալիրը լինելու է հենց գյուղի մեջ՝ եկեղեցու հարևանությամբ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի ձորը և անտառները»,- ասաց Բեռնար Ժանենը:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2015թ.: Գաղափարի իրականացման համար նախատեսվել է, որ համալիրում գործող ռեստորանում մատուցվելու են միայն ֆրանսիական ուտեստներ, իսկ հյուրանոց տանող ճանապարհի շինարարությունը իրականացվել է ֆրանսիական գյուղերի ճարտարապետական ոճով: «Շինարարական աշխատանքները իրականացնելիս մեծ ուշադրություն է հատկացվել հայկական գյուղի մթնոլորտը չաղճատելուն՝ միևնույն ժամանակ համալիր տանող ճանապարհին հաղորդելով ֆրանսիական գյուղի կոլորիտ: Հետագայում մենք նախատեսում ենք համալիրում սպառվող սննդի մի մասը ձեռք բերել հենց Ենոքավան համայնքի բնակիչներից»,- ընդգծեց Ժանենը:

Լրագրողների հետ զրույցում ծրագրի համահեղինակ Զինավոր Մեղրյանը հայտնեց, որ այս պահին ամբողջությամբ կառուցված է համալիրի հյուրատունը՝ բաղկացած երեք հարկից, որն ունի  սենյակներ կորպորատիվ կամ ընտանեկան խմբերի համար, ինչպես նաև ռեստորան և ընդունարան: Ամբողջությամբ պատրաստ է 1200քմ հարակից խնամված տարածքը հյուրերի հանգիստը կազմակերպելու համար: Ադմինիստրատիվ շենքն այս պահին կառուցման փուլում է: Շինարարական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 35 աշխատակից՝ ամսական 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Հյուրատան կառուցման համար ծախսվել է շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար: «Հյուրանոցը բաղկացած կլինի 4 երկհարկանի շենքերից, որոնցում տեղակայված կլինեն 16 հյուրանոցային համարներ: Սենյակների թիվը հետագայում նախատեսվում է հասցնել 28-ի: Համալիրն ունենալու է նաև SPA կենտրոն, ինչպես նաև բացօթյա ջեռուցվող լողավազան»,- հայտնեց Մեղրյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ համալիրի բացման արարողությունը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս