Բաժիններ՝

Լոնդոնի քաղաքագլուխն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ի նախագահի պետական այցը Մեծ Բրիտանիա

Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարվա աշնանը նշանակված պետական այցը Մեծ Բրիտանիա: Նման հայտարարության պատճառ են դարձել այն մի շարք թվիթները, որոնցում Սպիտակ տան ղեկավարը քաղաքագլխին քննադատել էր նրա խոսքերի համար, որոնք նա ասել էր բրիտանական մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողություններից հետո։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ԱՄՆ-ի նախագահի առջեւ կարմիր ուղեգորգ փռենք այն պայմաններում, երբ նրա քաղաքականությունը դեմ է այն ամենին, ինչը մենք պաշտպանում ենք»,- Daily Telegraph թերթը մեջբերում է Հանի խոսքը, որը նա հունիսի 5-ին ասել է բրիտանական հեռուստատեսության չորրորդ հեռուստաալիքի եթերում: Ընդսմին Լոնդոնի քաղաքագլուխն այն կարծիքին չէ, որ դա վնաս կհասցնի Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջեւ հաստատված հատուկ գործընկերային հարաբերություններին:

«Երբ դուք հատուկ հարաբերություններ ունեք, դա ոչնչով չի տարբերվում այն իրադրությունից, երբ դուք մտերիմ ընկեր ունենք. դուք նրա հետ միասին գտնվում եք փորձությունների ժամանակներում, բայց դուք քննադատում եք նրան, երբ նա իրավացի չէ: Շատ բաներ կան, որոնցում Դոնալդ Թրամփն իրավացի չէ»,-հավելել է նա:
Հակառակ դիրքորոշումն ունի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

«Հրավերն ուղարկված է եւ ընդունված, եւ ես այն վերանայելու իմաստը չեմ տեսնում»,-ասել է Ջոնսոնը: «Նա (Հանը) միանգամայն իրավացի է այն հարցում, որ հանգստացրել է իր քաղաքի բնակիչներին՝ բացատրելով փողոցներում զինված ոստիկանների ներկայությունը»,- Լոնդոնի քաղաքագլխին պաշտպանել էՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

Բանավեճն սկսվել է այն բանից հետո, երբ լույս հունիսի 4-ի գիշերը Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Հանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքի բնակիչներին դիմեց հետեւյալ ուղերձով.

«Ես նախազգուշացնում եմ լոնդոնցիներին եւ մեր մեծ քաղաքի հյուրերին՝ լինել հանգիստ ու զգոն: Դուք այսօր կարող եք տեսնել մեծ թվով ոստիկանների, այդ թվում՝ զինված աշխատակիցների եւ քաղաքացիական հագուստով աշխատակիցների: Դրա համար անհանգստանալու պատճառ չկա»:

Մի քանի ժամ անց Թրամփը Հանի խոսքը մեկնաբանել է Twitter-ում: «Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ 48-ը՝ վիրավորվել ահաբեկչության հետեւանքով, իսկ Լոնդոնի քաղաքագլուխն ասում Է, որ «անհանգստանալու պատճառ չկա»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

«Մենք պետք է դադարենք քաղաքականապես կոռեկտ լինել, հարկավոր է զբաղվել մեր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Եթե մենք ավելի խելացի չդառնանք, ամեն ինչ ավելի վատ կլինի»,- մեկ ուրիշ հաղորդագրության մեջ հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս