Պուտինը պնդում է, որ երբեք չի հանդիպել Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել NBC News-ի հեռուստաընկերությանը, ուր հերքել է իր որևէ առնչությունը նախագահ Թրամփի հետ:

«Որտեղի՞ց եք վերցնում նման տեղեկություններ: Ի՞նչ հատուկ հարաբերությունների մասին է խոսքը: Մենք ընդհանրապես կապ չունենք միմյանց հետ: Եղել է ժամանակ, երբ նա այցելել է Մոսկվա, սակայն ես նրան երբևէ չեմ հանդիպել: Շատ ամերիկացիներ այցելում են մեզ: Այս պահին շուրջ 100 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ գտնվում են Ռուսաստանում: Դուք կարծու՞մ եք մենք գաղտնի տեղեկություններ ենք հավաքում նրանց բոլորի մասին: Սա թյուրիմացություն է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Պուտինը:

Նա կրկին հերքել է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ներգրավվածության մասին լուրերը:

«Հաքերներ կան ամենուր: Ռուսաստանում, Ասիայում, անգամ Լատինական Ամերիկայում: Նրանք կան նաև Միացյալ Նահանգներում, որը չափազանց արհեստավարժ և հմտորեն մեղքը բարդեց Ռուսաստանի վրա: Արդյո՞ք դա ընդունելի է: Քաղաքական պայքարի ընթացքում նրանք գտան, որ պետք է հրապարակեն տեղեկությունը և արեցին դա՝ մեղքը բարդելով Ռուսաստանի վրա»,- ասում է Պուտինը:

Ըստ Պուտինի, Ռուսաստանի համար միևնույն է, ով է ստանձնում իշխանությունը ԱՄՆ-ում, քանի որ Մոսկվան գիտակցում է՝ ինչ ակնկալել ամերիկյան առաջնորդներից:

Նա նաև հերքել է գեներալ Մայքլ Ֆլինի հետ որևէ առնչությունը: Մինչդեռ մամուլում հայտնված մի լուսանկար, պատկերում է Ֆլիննին ու Պուտինին նստած կողք կողքի 2015 թվականին մի միջոցառման ընթացքում, երբ Ֆլինը հանդիսանում էր նախագահի թեկնածու Թրամփի խորհրդականը:

Պուտինը հավաստում է, որ նա հետո է իմացել, թե ով է Ֆլինը և միջոցառմանը նրանք գրեթե չեն շփվել:

Տեսանյութեր

Լրահոս