Բաժիններ՝

Գերմանիայի արտգործնախարարը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից հետ քաշվելու ժամկետներ է նշել

Թուրքիա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այցի արդյունքներով հայտարարել է, որ Ինջիրլիքից հետ քաշվելը մնում է գերմանական կողմի միակ տարբերակը: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

«Հավանաբար առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսենք հետ քաշվելու գործընթացը»,- ասել է նա:

Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 5-ին Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս պահին անհնար է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացիներին:

Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարության՝ Գաբրիելը նշել է, որ իրենց բանակը, ըստ սահմանադրության, պատկանում է Գերմանիայի խորհրդարանին, այդ պատճառով կարևոր է խորհրդարանականների այցը: «Եթե դա հնարավոր չլինի, այդ ժամանակ համաձայն մեր սահմանադրության, մեր բանակը չի կարող այդտեղ մնալ»,- ասել է նա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս