Բաժիններ՝

Կալանավորվել է Թուրքիայի նախկին փոխվարչապետ Արընչի փեսան

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան` Էքրեմ Յեթերը երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում կալանավորվել է: Այս մասին հայտնում է Deustche Welle-ն:

Նա 2016թ. սեպտեմբերի 2-ին ազատվել էր համալսարանական աշխատանքից, ապա 2017թ. հունիսի 5-ին ձերբակալվել էր: Դատարանը «գյուլենական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով որոշում է կայացրել նրան կալանավորելու վերաբերյալ:

Ձերբակալության առնչությամբ թուրքական պարբերականներից մեկին մեկնաբանություն տված Արընչն ասել էր, որ իրենք լիովին վստահում են իրենց փեսային ու հավատացած են, որ նա որևէ առնչություն չունի գյուլենականների հետ:

Բյուլենթ Արընչը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է: ԶԼՄ-ները հայտնում էին, որ վերջին շրջանում տարաձայնություններ կային նրա ու նախագահ Էրդողանի միջև:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս