Քաթարի բնակիչները սննդամթերք ու ջուր են գնում՝ պատրաստվելով հնարավոր դեֆիցիտին
Քաթարի բնակիչները հունիսի 5-ին շտապ կարգով սննդամթերք ու խմելու ջուր են գնում պետության հետ մի շարք երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման ֆոնին: Այդ մասին գրել է Եգիպտոսի «Յոում7» նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսների տեղեկությունները:
«Բնակիչները նետվել են մերձակա բոլոր նպարեղենի խանութները եւ սուպերմարկետները. գնում են կաթ, ջուր, բրինձ, ձու: Մթերային խանութներից նպարեղենը դուրս են բերում ամբողջ մեքենաներով, վաճառադարակներն ակնթարթորեն դատարկվում են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի փակման վերաբերյալ նորություններից հետո, որով պարենային ապրանքների մեծ հոսք էր անցնում»,-հայտնել են ականատեսները: Նրանց խոսքով՝ «նման բան այստեղ երբեք չեն տեսել»:
Ինչպես հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, քաթարա-սաուդյան սահմանի շրջանում արդեն կուտակվում են մեծաբեռնատարներ, որոնք չեն կարողանում անցնել Քաթարի տարածք:
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եմենը եւ Լիբիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: