Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությանը հայտնի են Լոնդոնի ահաբեկիչների անունները. BBC

Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունների հանգամանքները հետաքննող բրիտանական ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հայտնի է Լոնդոնյան կամուրջի շրջանում երեք հարձակվողների ինքնությունը: Այդ մասին հայտնել է BBC բրիտանական կորպորացիան:

Լոնդոնի ոստիկանների խոսքով՝ հանցագործների անունները կհրապարակվեն՝ հենց որ թույլ տա «օպերատիվ իրադրությունը»: Ոստիկանությունում փորձում են պարզել՝ ծայրահեղականները կապված չեն եղել արդյոք ավելի լայն ահաբեկչական ցանցի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է RTE իռլանդական կորպորացիան, Լոնդոնում ոչնչացված երեք ահաբեկիչներից մեկը ենթադրաբար մարոկկոյացի է եւ կեցության իրավունք է ունեցել Իռլանդիայում:

Ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում Լոնդոնի Նյուեմի եւ Բարքինգի շրջաններում հունիսի 4-ին կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, նրանցից մեկն ավելի ուշ բաց է թողնվել: Ներկայում կատարվում է ձերբակալվածների հարցաքննություն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հունիսի լույս 4-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում: Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:

Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 48-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-ի վիճակն օրհասական է: Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Զոհվածների մեջ են երկու օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ:

Վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 4-ին հայտարարել է, որ, չնայած հարձակմանը, հունիսի 8-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս