Ադրբեջանը երկարաձգել է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագիրը
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենցել Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) հերթական նիստը, որին մասնակցել են կազմակերպության անդամ և ոչ անդամ մի շարք երկրներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:
Հանդիպմանը քննարկվել է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրի երկարաձգման հարցը:
Ըստ համաձայնության` Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով:
2017թ.-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ:
Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:
Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:
Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել: