Պաշտոնական Անկարան անհնարին է համարում գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիք
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս պահին անհնար է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացիներին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Հանդիպման արդյունքների մասին ճեպազրույցում խոսելու ժամանակ Չավուշօղլուն կրկնել է Բրյուսելում կանցլեր Անգելա Մերկելին ասած միտքն այն մասին, որ գերմանացի պատգամավորները կարող են այցելել Թուրքիայի Քոնյա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Անդրադառնալով Ինջիրլիքի ռազմաբազային՝ նա նշել է, որ այս պահի դրությամբ պատգամավորները չեն կարող այնտեղ գնալ:
Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարության՝ Գաբրիելը նշել է, որ իրենց բանակը, ըստ սահմանադրության, պատկանում է Գերմանիայի խորհրդարանին, այդ պատճառով կարևոր է խորհրդարանականների այցը: «Եթե դա հնարավոր չլինի, այդ ժամանակ համաձայն մեր սահմանադրության, մեր բանակը չի կարող այդտեղ մնալ: Դա Թուրքիայի որոշումն է: Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ դրա պատճառով լարվածությունն ավելի մեծանար»,- ասել է նա: