«Միջազգային հանրությունն Ադրբեջանի նետած ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական ունի». Արմեն Աշոտյան

Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։

Հիշեցնենք, որ Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:

Ավելի ուշ լրագրողը հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով:

Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Սաբաիլի շրջանային դատարանը Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը:

Տեսանյութեր

Լրահոս