Բաժիններ՝

Լապշինի գործով միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Բաքվին. Տիգրան Բալայան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով միջազգային հանրության կողմից անհրաժեշտ արձագանքների բացակայությունը պատճառ դարձավ Թբիլիսիից այլախոհ ադրբեջանցի լրագրողի առևանգման համար: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Բաքվին»,­-նշել է նա: Բելառուսում ձերբակալված ու Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայում պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Լապշինին սպառնում է մինչև 5­-8 տարվա ազատազրկում միայն նրա համար, որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ ու կատարել Ադրբեջանի իշխանություններին քննադատող որոշ գրառումներ:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ լրագրողը հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:

Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով:

Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Սաբաիլի շրջանային դատարանը Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս