
Մանչեսթրում Արիանա Գրանդեի բարեգործական համերգը 50 հազար հանդիսականների է հավաքել

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգին մայիսի 22-ին Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարվեց, հունիսի 4-ին վերստին բեմ է դուրս եկել այդ քաղաքում՝ մասնակցելով այն բարեգործական միջոցառմանը, որը կազմակերպվել է տուժած հանդիսականներին օգնություն ցույց տալու նպատակով: Emirates Old Trafford հռչակավոր մարզադաշտում One Love Manchester խորագրով շոուին հավաքվել էր 50 հազար հանդիսական։
Դիմելով հանրությանը՝ 23-ամյա երգչուհին, որը մեկ օր առաջ եղել էր նաեւ Մանչեսթրի հիվանդանոցներում, շնորհակալություն է հայտնել համերգին եկածներին, որ նրանք արձագաքել են իր արվեստի այն երկրպագուների աջակցման գաղափարին, ովքեր տուժել են մահապարտ ահաբեկչի գործողություններից:
Մի շարք կոմպոզիցիաներ կատարելիս Գրանդեին ընկերակցում էին նաեւ երգչուհի Մայլի Սայրուսը եւ Black Eyed Peas խումբը: Իսկ One Last Time երգը նա կատարել է համերգի մյուս մասնակիցների ընկերակցությամբ: Նրանց թվում էին Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Coldplay, Take That խմբերը եւ այլք:
«Մանչեսթրարենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել է համերգային դահլիճի սահմաններից դուրս՝ ճեմասրահում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, վիրավորվել է 75 հոգի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: