
«Սահմանում իրավիճակը կայուն լարված է». Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի պաշտպանության դիրքերում Սահմանային իրավիճակը կայուն լարված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ նախորդ ամիսների համեմատ ակտիվության նվազման միտում կա:
«Չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություններ են լինում, սակայն դրանք երկար չեն տևում: Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է: Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական
գործողությունները ձախողվել են: Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին: Մի քանի անգամ նվազել են նաև տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները և խախտումները: Որակական տարբերություն ևս կա: Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որպեսզի փորձ չձեռնարկվի հետագայում նման հարվածներ հասցնելու:
ՊԲ հրամանատարի խոսքով՝ աշխատել են այնպիսի հարվածներ հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին լինի, քան ադրբեջանական կողմն է հայկական կողմին հասցրել: «Դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ»,-հավելեց նա: