Ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել Լոնդոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ
Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով հունիսի 5-ի առավոտյան մի քանի մարդու է ձերբակալել մայրաքաղաքի արեւելյան մասում կատարված խուզարկություններից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ձերբակալվածների ստույգ թիվը չի նշվում: Ավելի վաղ Սքոթլենդ Յարդը հայտնել է, որ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի արեւելյան մասում, մասնավորապես, Նյուեմի եւ Բարքինգի շրջաններում: Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կանցկացնի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստ՝ քննարկելու հետագա գործողությունները ի պատասխան ահաբեկչական գործողության: Հունիսի լույս 4-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում:
Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 48-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-ի վիճակն օրհասական է:
Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Զոհվածների մեջ են երկու
օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ:
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: