Գերմանիայի արտգործնախարարը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցով մեկնել է Թուրքիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանացի պատգամավորների կողմից թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle­-ն:

Նախքան մեկնելը նա խնդրի առնչությամբ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասելով. «Գերմանացի պատգամավորները գերմանացի զինվորներին ոչ թե մեկ անգամ, այլ միշտ պետք է կարողանան այցելել»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան թույլ չտա դա անել պատգամավորներին, ապա Գերմանիայի համար այլընտրանք չի մնա, քան իր զինվորներին տեղակայել այլ վայրում:

Գաբրիելն ասել է նաև, որ երկու երկրի միջև հարաբերությունների լարման պատճառ է դարձել նաև Թուրքիայում գերմանացի լրագրողների ձերբակալման փաստը: Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայի գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու է հունիսի 5­-ին:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները:
Հորդանանը հավանական տարբերակներից է»-,­ ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Տեսանյութեր

Լրահոս