Ջրի արտահոսքը լճակների առաջացման պատճառ
Tsayg.am-ը գրում է. Տնակը քանդել են, տարածքն էլ կիսատ մաքրել. բողոքում են Ղանդիլյան փողոցի բնակիչները: Նույն փողոցի թիվ 23 շենքի բակում տեղադրված տնակը, որը գյումրեցի ընտանիքի համար որպես կացարան էր ծառայել, քանդվել է: Ընտանիքը նոր բնակարան է տեղափոխվել: Քանդված տնակի տարածքում մաքրման աշխատանքներ կատարվել են, բայց աղբի որոշ մաս դեռ տեղում է: Ավելի ուշ, նույն վայրում ջրագծի վթարի հետևանքով փոքր լճակներ են գոյացել: Ջուրն անդադար հոսում է, լճակների մակերեսներն էլ՝ մեծանում: Բնակիչները շատ դռներ են թակել, բայց արդյունքի չեն հասել: Մեկ ամիս շարունակվող ջրի արտահոսքը գնալով ավելի է արագանում: Թե ջրագծերի ո՞ր հատվածն է վնասվել, բնակիչները դժվարանում են պատասխանել: Ստեղծված իրավիճակից դժգոհում են նաև երեխաները, ովքեր զրկված են խաղահրապարակ ունենալու հնարավորությունից: