Վրաստանի կառավարությունն ԱՄՆ դեսպանին խոստացել է մանրամասն հետաքննել Մուխտարլըի գործը
Վրաստանի կառավարության պաշտոնական դեմքերը խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի հանգամանքները: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելլին՝
պատասխանելով լրագրողների հարցերին:
«Դրանք իրականում լուրջ մեղադրանքներ են: Դրա հետ կապված մենք կապ ենք հաստատել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրաք խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Աֆղան Մուխտարլըի հետ կապված հանգամանքները: Նրանք, իհարկե, գիտակցում են այդ հարցի լրջությունը: Նրանք նաև վստահեցրել են մեզ, որ այն ադրբեջանցի քաղաքացիների, իրավապաշտպանների անվտանգությանը, որոնք բնակվում են Վրաստանում, վտանգ չի սպառնում»,-դեսպան Յան Կելլին:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:
Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն
խոսել են ադրբեջաներեն:
Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքեր, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեք ամսով կալանքը:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրոպական միությունը, Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: