Բաժիններ՝

Google­-ը հսկայական գրասենյակ է կառուցելու Լոնդոնում

Google­-ն այս շաբաթ ներկայացրել է նոր լոնդոնյան կենտրոնակայանի կառուցման պաշտոնական պլանները, որտեղ հավաքվելու են շուրջ 4 հազար աշխատակիցներ: Ընկերությունն արդեն գործող գրասենյակների հետ միասին բրիտանական
մայրաքաղաքում կտեղավորի ավելի քան 7 հազար մարդու: Այդ մասին գրել է The Guardian­-ը: 11-հարկանի շենքն ավելի քան 300 մետր կձգվի Կենտրոնական Լոնդոնի հյուսիսարեւելյան մասում գտնվող Քինգս­Քրոսս կայարանի երկայնքով:

Մանրամասն պլաններ բովանդակող հայտը փոխանցվել է Քեմդենի՝ Լոնդոնի համապատասխան շրջանի խորհրդին: Ապագա լոնդոնյան կենտրոնակայանն ԱՄՆ-­ի սահմաններից դուրս գտնվող առաջին շենքն է, որն ամբողջովին նախագծված է Google­-ի համար եւ պատկանում է ընկերությանը:

Հարկաբաժինների մակերեսը գրեթե 1 մլն քառակուսի ֆուտ է (92 հազար քառակուսի մետր): Դրա ճարտարապետներն են՝ Heatherwick Studios­-ը եւ Bjarke Ingels Group­-ը: Տանիքի վրա կլինի այգի եւ կանցկացվեն վազքուղիներ, աշխատակիցների հանգստի եւ
վերականգնման համար պլանավորված են 25­-մետրանց լողավազան եւ բասկետբոլի հարթակներ, ֆուտբոլի խաղահրապարակներ ու մարզասրահներ, մերսման կաբինետներ եւ քնելու համար նախատեսված խցիկներ: Բացի այդ, աշխատակիցների համար կաշխատեն չորս նախաճաշարաններ: Սկզբնապես պլանավորվում էր, որ շինարարությունը կավարտվի 2016 թվականին, բայց, իրազեկ աղբյուրների տվյալների համաձայն, 18 ամիս առաջ Google­-ի հիմնադիրներից մեկը՝ Լարի Փեյջը, պատռել է նոր կենտրոնակայանի պլանները՝ դրանք համարելով չափազանց ձանձրալի:

Առաջին նախագծի արժեքը կազմում էր 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 1,3 մլրդ դոլար), նոր պլանի ֆինանսական տվյալները դեռ հայտնի չեն: Այժմ Google­-ը հույս ունի շինարարությունն սկսել 2018 թվականին: Լոնդոնից չտեղափոխվելու Google-­ի որոշումը, չնայած Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալուն, փորձագետները համարել են բրիտանական տնտեսությանը տրված վստահության քվե, հաղորդել է
«Ինտերֆաքս»-­ը:­

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս